Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Իշխանությունը ցնցումներով տապալելը վտանգավոր է»

«Իշխանությունը ցնցումներով տապալելը վտանգավոր է»
24.03.2015 | 00:14

Այսօր ԱԺ քառօրյայի մեկնարկին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ներկայացնելով վիճակագրական վարչության օրերս հրապարակած տվյալները տնտեսական անկման ու գործազրկության առնչությամբ, փաստեց, որ արտաքին առևտրաշրջանառությունը, անցյալ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ, ընկել է 28, արտահանումը՝ 25, ներմուծումը՝ 28,5 %-ով, 19 %-ով ավելացել է գործազուրկների թիվը: Պատգամավորն առաջարկեց հակաճգնաժամային կառավարման օրակարգով անհապաղ խորհրդարանական լսումներ անցկացնել, ինչին արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. «Մեր ազգաբնակչությանը մի ապակողմնորոշեք, եթե խնդիր ունեք՝ ներկայացրեք, քննարկենք»: Փաստորեն, պաշտոնական մակարդակով հրապարակված թվերը, ըստ խորհրդարանի խոսնակի, «ապակողմնորոշում» են հանրությանը: Այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցի ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ:

-Պարոն Մանուկյան, ինչո՞ւ եք «ապակողմնորոշում» հանրությանը:
-Մենք ոչինչ ավելին չենք ասել, ընդամենը վկայակոչել ենք իշխանության ներկայացրած պաշտոնական տվյալները: Կարծում եմ, վիճակագրական ծառայության տվյալներն ավելի մեղմ են, իրական վիճակը սարսափեցնող է: Բոլոր առումներով է վիճակը վատ: Մենք ասում ենք՝ եթե ձայների քանակով մեզ չի հաջողվում քննարկում անել, դուք արեք:
-Իշխանությունը կկտրի՞ այն «ճյուղը», որի վրա նստած է:
-Երկիրը կործանվում է, ձեռքից գնում է:
-Ոչ վաղ անցյալում ՀԱԿ-ը կառավարման ճգնաժամերին առնչվող նախագիծ էր ներկայացրել, որը քննարկվեց, սակայն ոչինչ չփոխվեց, նոր լսումներն ի՞նչ կտան:
-Պատկերացրեք, որ այս երկու ամսում վիճակը կտրուկ վատացել է: Բայց մեր խնդիրն այն չէ, որ երկիրը պայթի, մենք էլ ասենք` տեսա՞ք, պայթեց՝ ձե՛ր մեղքով: Ասում ենք` սթափվեք, խելքի եկեք, այս թվերի հետ հաշվի նստեք, տեսեք ինչ է կատարվում: Մենք եղել ենք իշխանություն, գիտենք՝ իշխանությունը ցնցումներով տապալելը վտանգավոր է, դրա համար էլ խոհեմության կոչ ենք անում: Եթե երկիրը երկու-երեք ամսում տարբեր ցուցանիշներով տասից ավելի տոկոսով կորուստներ է ունենում, պետք է Անվտանգության խորհուրդն առնվազն նիստ հրավիրի երկրի առջև ծառացած խնդիրները քննարկելու համար:
-Վարչապետի հրաժարականի պահանջը կարո՞ղ է լուծումներից մեկը լինել:
-Ոչ, դա լուծում չէ: Սա լուրջ համակարգային խնդիր է: Կա՛մ Հայաստանում պետք է շատ արագ արտահերթ ընտրություններ անցկացնել՝ ձևավորելով լեգիտիմ իշխանություններ, որոնք հանրային վստահություն կվայելեն, կա՛մ ներկա իշխանությունները պետք է խելքի գան ու հակաճգնաժամային ծրագիր իրականացնեն:

Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1539

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ